Քե՛զ հանձնվեցի ես արգանդից, մորս որովայնից սկսած՝ Դո՛ւ ես Աստվածն իմ:
Սաղմ. 21;10-11
Աստված, ստեղծելով առաջին մարդկանց, օրհնեց նրանց՝ որպես ընտանիք, և պատվիրեց. «Աճեցե՛ք եւ բազմացե՛ք եւ լցրե՛ք Երկիրը եւ տիրեցե՛ք դրան»:
Այս խոսքերը ուղղված էին դեռևս անմեղ մարդկանց, սակայն նրանց անկումից հետո մարդկությունը հեռացավ Աստծո նախանշած ուղուց, արժեզրկվեցին հենց մարդը և մարդկային կյանքը: Արդեն իսկ առաջին մարդկանց սերունդները դարձան եղբայրասպան և զոհ: Սպանության մեղքը դարձավ սովորական երևույթ և Աստծուց հեռացած մարդկային ցեղի մեջ արմատացած կռապաշտության բաղկացուցիչ մաս: Սպանության տարածված ձև էր նաեւ անցանկալի երեխաներից ազատվելը, որոնց զոհում էին կուռքին, որը ուներ լայն բացված բոցակեզ բերան և առաջ պարզած ձեռքեր:
Հակաբեղմնավորիչների և ընտանիքի պլանավորման 21-րդ դարում, թվում է, պետք է որ այդ խնդիրը առկա լիներ մեր ժամանակների հեթանոս ցեղերի մեջ միայն, սակայն այսօր քաղաքակիրթ աշխարհում ընդամենը կատարելագործվել են կռապաշտության այդ տեսակի դրսևորման կերպերն ու մեթոդները: Ինչպես նշվեց, այդ մեղքը հետևանք էր ընտանեկան արժեքների և սրբությունների ոտնահարման, բարոյական տարրական նորմերի անտեսման, ինչին ականատես և ականջալուր ենք լինում ամեն օր: Մի շարք թվեր փաստում են վերը ասվածը: Աշխարհում մեկ տարվա ընթացքում ոչնչացվում է 53 միլիոն պտուղ: Հղիության արհեստական ընդհատումը հիմնախնդիր է ամբողջ աշխարհում: Հայաստանում հղիության արհեստական ընդհատման մասին օրենքն առաջին անգամ ընդունվել է 1955 թվականին: Ըստ այդ օրենքի, կինն իր ցանկությամբ կարող է ընդհատել հղիությունը մինչև 12 (այժմ` 15) շաբաթական ժամկետը:
Որպես կանոն, տարբեր են աբորտի դիմող կանանց տարիքը, սոցիալական դիրքը, կրթական մակարդակը, դրդապատճառները: Այդ քայլին դիմում են թե՛ իրենց ամուսիններին հավատարիմ և անհավատարիմ ամուսնացած կանայք, թե՛ դեռահասներ, թե՛ մարմնավաճառներ, թե՛ դժբախտ կանայք և աղջիկներ, որոնք հղիացել են սեռական բռնության արդյունքում: Շատերն այդ քայլին են դիմում՝ չկասկածելով անգամ, որ մարդասպանության են գնում, որովհետև կարծում են, թե իրենց ներսում աճող պտուղը կատարյալ մարդ չէ մինչև ծնունդը: Շատերն էլ մտածում են, թե չեն կարողանա երեխայի համար պայմաններ ապահովել, սակայն դրանք կեղծ տագնապներ են, քանզի եթե Աստված հոգում է մյուս բոլորի համար, չի անտեսի և այս մեկին:
«Ինչպես որ չգիտես, թե ինչպես են հղի կնոջ արգանդում ոսկորներ գոյանում, այնպես էլ չես կարող իմանալ Աստծո բոլոր գործերը»: Սողոմոնից մինչև այսօր էլ դա անհայտ է գիտությանը, այնուամենայնիվ, հղիության ընթացիկ փուլերի ուսումնասիրությունը թույլ է տվել պարզել, որ 12 շաբաթական պտուղը գրեթե ամբողջությամբ կազմավորված մարդ է: Պտղի սիրտը սկսում է բաբախել արդեն 20 օրականում: Մինչեւ 12 շաբաթը ձևավորվում են պտղի արյունատար, նյարդային, մարսողական և այլ օրգան-համակարգերը, նա զգում է իր մորը, նրա մտքերը, տրամադրությունը, արտաքին աշխարհի ազդակները: Նույնիսկ աբորտի ժամանակ նա իր փոքրիկ՝ մինչև ութ սանտիմետրանոց մարմնով խույս է տալիս բժշկի ձեռքի գործիքից և ծվարում իր կյանքի առաջին հանգրվանի մի անկյունում՝ ամեն ճիգ գործադրելով՝ պահպանելու համար իր՝ որևէ մեկին չհուզող գոյությունը:
Քրիստոնեական Եկեղեցին հղիության արհեստական ընդհատումը, առանց արդարացնելու, թույլատրում է մի շարք դեպքերում. եթե մոր կյանքին և առողջությանը վտանգ է սպառնում, արտարգանդային և թունավոր հղիության դեպքում, եթե հայտնի է, որ երեխան լուրջ արատներ ունի: Այսօր աբորտի շատ տարածված պատճառ է ապագա երեխայի սեռը: Ի՞նչ կա որ, մարդիկ տղա են ուզում, իսկ Աստված այդ պարզ ճշմարտությունը չի հասկանում: Սա կատարյալ անաստվածության ուղղակի դրսևորում է: Երևույթի հակառակ կողմում են ծնողական բերկրանք փափագող, բայց դրանից զրկված զույգերը, որոնցից ոմանք բաժանվում են, ոմանք որդեգրում, ոմանք դիմում արդիական մեթոդների: Երկու դեպքում էլ լուծումը մեկն է. ապագա ծնողը պետք է գիտակցի և ընդունի, որ իր երեխան միայն իրենը չէ, այլ, նախ և առաջ, Աստծունը, Որի արարչակիցն է ինքը: Աստված կամենում է մարդկանց պարգևել ուխտի զավակներ, որպեսզի մարդկությունը աճի սիրո ու հնազանդության մեջ և առաջանա դեպի կատարելություն: Անկախ աբորտի դիմող կանանց գիտակցության մակարդակից, դրդապատճառներից, հոգեկան ապրումների առկայությունից կամ բացակայությունից, այն կա և մնում է որպես մեղք, որի համար պետք է զղջալ և ապաշխարել: Այն իր հերթին հանգեցնում է անպտղության, հանդիսանում է կանացի մի շարք վտանգավոր հիվանդությունների պատճառ:
Սիրելի՛ կանայք, թող ձեր ողջախոհությունը ձեզ մայրական բերկրանք պարգևի ձեր յուրաքանչյուր զավակի ծննդյան կապակցությամբ:
Երեցկին Լիլիթ Հովհաննիսյան
Գորիս